Իտալական Բերգամո քաղաքի Humanitas Gavazzeni կլինիկայի բժիշկ Դանիելե Մակկինին՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին, ներկայացրել է իրավիճակն ու նշել, որ ապաքինումը կորոնավիրուսից կախված է մարդու օրգանիզմից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Կաշխատեմ բժշկությունից հեռու մարդկանց ներկայացնել, թե ինչ ապրումներ ունենք մենք Բերգամոյում համաճարակի այս օրերին: Մեկ շաբաթ առաջ, երբ թշնամին դեռ ստվերում էր, ես որոշ զարմանքով էի հետևում իմ հոսպիտալի վերակազմակերպմանը: Բոլոր հիվանդները, որոնց վիճակը թույլ էր տալիս, դուրս գրվեցին և ուղարկվեցին տուն, հիվանդասենյակները դատարկվեցին, վերակենդանացման բաժանմունքում լրացուցիչ մահճակալներ տեղադրվեցին… Բայց մենք դեռ չէինք գիտակցել մոտալուտ պատերազմի ամբողջ դաժանությունը:
Մինչ օրս հիշում եմ, թե ինչպես էի սպասում պատասխանի միկրոկենսաբանության լաբորատորիայից: Դա առաջին հիվանդն էր կորոնավիրուսի կասկածանքով… Եվ պատերազմը սկսվեց: Պայքարն օր ու գիշեր է գնում: Բերգամոյի բնակիչներն այնքան էլ չեն սիրում հիվանդանոցում հայտնվել: Եվ այս անգամ էլ մինչև վերջին պահը ձգում են՝ գործելով ըստ հրահանգի. 7-10 օր տանն են նստում տենդով, հետո այլևս չեն կարողանում դիմանալ, քանի որ շնչառական անբավարարություն է սկսվում»,- գրել է նա:
Մակկինին նշել է, որ հիվանդների քանակը շատ արագ է աճում՝ 15-20 հոսպիտալացում օրական, իրար հաջորդող հետազոտությունների արդյունքները դրական են: Ոմանց միանգամից վերակենդանացման բաժանմուքն են տանում, մյուսներին դա արդեն չի օգնի:
«Տարբեր ախտորոշումների փոխարեն հիմա բոլորը մեկն ունեն՝ սուր երկկողմանի թոքաբորբ: COVID19-ը չի մնում վերին շնչառական ուղիներում, այն շատ արագ վարակում է թոքերի ալվեոլները:
Եկեք ճշմարտության աչքերին նայենք՝ ապաքինումը կախված է ձեր օրգանիզմից: Հուսով ենք, որ օրգանիզմը կոչնչացնի վիրուսն ինքնուրույն: Մենք նոր ենք ուսումնասիրում հիվանդությունը, դեղամիջոցները շատ չեն, հակավիրուսսային թերապիան էքսպերիմենտալ բնույթ է կրում:
Այո, ռիսկի խմբում 65-ից մեծ մարդիկ են, բայց երբ տեսնում ես վերակենդանացման բաժանմունքում ինկուբացված կամ Ecmo սարքին (որը հանում է արյունն օրգանիզմից ու հագեցնում այն թթվածնով) միացած երիատասարդ պացիենտների, այն պատրանքը, որ երիտասարդ տարիքը կպաշտպանի վիրուսից, անեհտանում է»,- ասվում է գրառման մեջ:
Իտալացի բժիշկը նշում է, որ անհավանական սեղմ ժամկետում իրենք կարողացան բոլոր ուժերը համախմբել այդ մասշտաբի աղետին դիմակայելու համար:
«Իմ Humanitas Gavazzeni կլինիկայում այլևս չկան վիրաբույժներ, ուրոլոգներ, օրթոպեդներ, բոլորը բժիշկ են, որոնք մեկ թիմ են դարձել ցունամիին հակազդելու համար: Այլևս չկա հերթափոխ ու ժամանակացույց, բժիշկներն ու բուժքույրերն արտաժամյա են աշխատում… Այլ կյանք ուղղակի չկա: Չնայած պաշտպանության բոլոր միջոցներին, ես և իմ գործընկերներն, անշուշտ, ռիսկի խմբում ենք: Ոմանք արդեն վարակվել են, ոմանք վարակել են իրենց ընտանիքների անդամներին, իսկ ոմանց ընտանիքների անդամներն արդեն կյանքի ու մահվան միջև են:
Ես կամավոր ինքնամեկուսացվել եմ կլինիկայում՝ վախենալով վարակել իմ տարեց հարազատներին… Որդուս հետ սկայպով եմ շփվում… Գթասիրտ եղեք՝ մի այցելեք թատրոններ, թանգարաններ կամ մարզասրահներ, գթացեք բազում տարեցներին, որոնց կարող են բնաջնջել… Լսեք մեզ՝ աշխատեք տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Խուսափեք զանգվածային կուտակումներից, որտեղ մեծ է վարակված մարդկանց հետ շփման հավանականությունը՝ նրանք կարող են իրենք էլ չիմանալ, որ վարակված են»,- նշել է նա:
Իտալիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 10,000-ի: Մահացել է 631 մարդ, ապաքինվել՝ 1004-ը: Հիվանդների 10 տոկոսին պահանջվել է թոքերի արհեստական սարք միացնել: