AM
12 March 2020 - 09:15 AMT

«Յուվենտուսի» խաղացող Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով

Իտալական Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով: Նա տեղեկացրել է, որ լավ է զգում իրեն և խորհուրդ տվել մարդկանց հետևել հիգիենայի կանոններին:

Հիվանդությունը Ռուգանիի մոտ հայտնաբերվել է մարտի 11-ին: Նրա մոտ ախտանիշեր չկան, իսկ «Յուվենտուսը» կատարում է Ռուգանիի մեկուսացման բոլոր ընթացակարգերը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ուզում եմ բոլորին հանգստացնել` ես լավ եմ: Բայց այս պահին զգում եմ, որ պետք է շնորհակալոթւյուն հայտնեմ բոլոր բժիշկներին և բուժքույրերին, որոնք պայքարում են հիվանդանոցներում՝ հակազդելու համար այս արտակարգ իրավիճակին: Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները… Եկեք անենք դա հանուն մեզ, մեր մերձավորների և նրանց, ով շրջապատում է մեզ»,- գրել է ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում:

Իտալիայում, որն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների և մահացության դեպքերի քանակով, աննախադեպ միջոցներ են ձեռնարկվում: Երկրում կփակվեն բոլոր խանութները, բացառությամբ մթերայինների և դեղատների:

Մարտի 12-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակված է մոտ 12,500 մարդ, մահվան 827 դեպք է գրանցվել: