Մարտի 16-ին առաջին կամավորը կմասնակցի կորոնավիրուսի դեմ պավաստանյութի առաջին փորձարկմանը, հայտնում է Fortune-ը՝ ԱՄՆ կառավարության աղբյուրին հղումով:
Փորձարկմանը մասնակցելու է առողջ և երիտասարդ 45 կամավոր: Պատվաստանյութը ստեղծվել է ԱՄՆ ազգային առողջապահական ինստիտուտի և Moderna Inc ընկերության կողմից:
Moderna ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է: Ընկերությունը պատվաստանյութը ստեղծել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, գենետիկ նոր մեթոդով:
Ըստ աղբյուրի՝ լիակատար և ամբողջական կերպով պատվաստանյութի պոտենցիալը պարզելու համար անհրաժեշտ կլինի 12-18 ամիս:
«Բացառված է փորձի մասնակիցների վարակման հավանականությունը: Դրա խնդիրն է համոզվել, որ պատվաստանյութը չունի կողմնակի լուրջ ազդեցություններ, ինչից հետո այն կարելի է օգտագործել ավելի լայն փորձարկման համար»,- նշել է աղբյուրը:
Inovio Pharmaceuticals ընկերությունը ևս ապրիլին կամավորների միջոցով կսկսի իր պատվաստանյութի փորձարկումը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն արագ են ընթանում:
Մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա, առաջին պացիենտն արդեն բուժվել է: ԱՄՆ-ում վարակակիրների թիվը մոտ 3782 է, մահացել է մոտ 70 մարդ:






