AM
16 March 2020 - 09:32 AMT

Հորդոր փոխվարչապետից. Պետմարմինների հետ հաղորդակցվել առցանց

Կառավարության ներդրած էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց՝ առանց տնից դուրս գալու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա հավելել է, որ այսպիսով կարելի է հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց։ Փոխվարչապետը հորդորում է․

Е-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով առանց տնից դուրս գալու դիմում, բողոք և հարցում ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշել էլեկտոնային փոստը և համապատասխան մարմինը պատասխանը կուղարկվի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին,

• Բոլոր վճարումներն իրականացնել առցանց բանկինգ ծառայության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ e-payments.am համակարգի, վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չեք ունենա այցելել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ

• Հարկային մարմինների հետ հաղորդակցվել taxservice.am կայքի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով

• Ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում օգտվել police.am կայքում առկա էլեկտրոնային գործիքակազմից

• Կադաստրի կոմիտեի հետ հաղորդակցվել e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով

• Պետական մարմիննների հետ կապված հրատապ խնդիրներ առաջանալու դեպքում հաղորդակցվել տվյալ մարմնի հետ «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։

Պետական մարմինների աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշարժի Mulberry համակարգի միջոցով հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կատարել տնից։

Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է: