2020-ին համաշխարհային հանրությունը կառերեսվի Մեծ դեպրեսիայից ի վեր ամենամեծ տնտեսական անկմանը։ Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիևան։
Ինչպես նշել է ԱՄՀ ղեկավարը՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տնտեսությունը բախվելու է մինչև օրս «չտեսնված> ճգնաժամի, գրում է ՌԻԱ Նովոստին։
«COVID-19-ն այնպիսի կայծակնային արագությամբ խարխլեց մեր հասարակական և տնտեսական կարգը և այնպիսի մասշտաբներով, որոնք մինչև օրս չեն գրանցվել»,- ասել է նա։
Գեորգիևան հավելել է, որ արդեն իսկ պարզ է, որ 2020-ին համաշարհային տնտեսության աճը կտրուկ բացասական է լինելու։ Ըստ նրա՝ անկումը «սահման չունի» և դրանից կտուժեն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսությամբ երկրները։
Նա նշել է, որ եթե կորոնավիրուսի պանդեմիան ավարտին մոտենա 2020-ի երկրորդ կեսին, ապա տնտեսության մասնակի վերականգնում կարելի է սպասել միայն 2021-ին։
2020-ին տնտեսական աճը Հայաստանում կդանդաղի մինչև 2.2%՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Այդ մասին ասվում է Ասիական զարգացման բանկի զեկույցում։ Ըստ դրա՝ 2020-ին ՀՀ-ում նաև որոշ գնաճ է ակնկալվում, որը, ըստ կանխատեսումների, 2021-ին պետք է կայունանա։






