Այժմ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, նրա խորհրդականները պատմել են, որ կորոնավիրուսից նրա ապաքինման կանխատեսումը 50/50 էր, գրում է բրիտանական Times-ը:
Ինքը՝ վարչապետը խոստովանել է, որ 48 ժամ իրավիճակն անորոշ էր և կարող էր ցանկացած ավարտ ունենալ։
Բժիշկները 2 օր շուրջօրյա հերթապահել են նրա մոտ։
«Նրանք փրկեցին իմ կյանքը, կասկած չկա»,- ասել է Ջոնսոնը։
Վարչապետը դեռ չի վերադառնա աշխատանքի։ Դուրս գրվելով՝ նա իր հարսնացուի հետ մեկնել է արվարձանում գտնվող իր նստավայր, որտեղ վերականգնողական թերապիա կանցնի։
Կորոնավիրուսով վարակված Բորիս Ջոնսոնը տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 5-ին՝ կորոնավիրուսի սիմպտոմների խորացման ֆոնին։ Վարչապետը խնդրել էր ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին ժամանակավորապես փոխարինել իրեն։






