AM
20 Ապրիլ 2020 - 06:25 AMT

ՌԴ-ում գտնվող զորակոչիկները պետք է էլեկտրոնային նամակ գրեն

ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել [email protected] էլ․ հասցեով։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

«Քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ պարետատան տարածած հայտարարության համաձայն, Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման աշխատանքներ կտանեն ապրիլի 23-ից հետո՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը: