Թուրքիայում ապրիլի 20-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 123 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է Ermenihaber-ը։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 90,980 հաստատված դեպք և մահվան 2140 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 673,980-ի։
Նախարարը նշել է, որ 24 ժամում անցկացված 39,703 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4674 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 123 դեպք, ապաքինվել է ևս 1454 մարդ։
Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների՝ համավարակից ապաքինվել է 13,430 հիվանդ։ 1909 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում վարակի առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, մահվան՝ մարտի 17-ին։ Երկիրը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում զգալիորեն առաջ է անցել Իրանից։