Ռուսաստանի նավթագործները սկսել են բենզինը վնասով վաճառել։ Բենզինի գինը ՌԴ մեծածախ շուկայում ինքնարժեքից ցածր է՝ ընկերությունները յուրաքանչյուր տոննան մի քանի հազար ռուբլի վնասով են վաճառում։ Պատճառը նավթագործների մուծումներն են բյուջե «ճգնաժամային պայմաններում», գրում է ՌԲԿ-ն։
Ապրիլի 13-19-ն ԱԻ-92-ի գինը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում նվազել է գրեթե 11%-ով և ապրիլի 20-ին կազմել 35,770 ռուբլի մեկ տոննայի դիմաց (ՌԴ եվրոպական մասում)։
Բենզինն էժանացել է պահանջարկի կտրուկ անկման պատճառով։ Իրացման ծավալը գրեթե կրկնակի նվազել է՝ 30-70% տարբեր շրջաններում։ ՌԴ-ում կարանտինի պատճառով կտրուկ նվազել է ավտոմոբիլային երթևեկությունը։ Ըստ «Սբերբանկի» վերլուծաբան Անդրեյ Գրոմադինի՝ ակնհայտ է, որ նման շուկայական պայմաններում վառելիք արտադրողները պատրաստ են նվազեցնել մեծածախ գները։