AM
23 April 2020 - 08:31 AMT

Թբիլիսիի քաղաքապետն առաջարկում է սահմանափակել մեքենաների երթևեկը հանգստյան օրերին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն առաջարկել է սահմանափակել մեքենաների երթևեկը հանգստյան օրերին։ Այդ մասին նա խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«2019-ի համեմատ 2020-ի մարտին ազոտի երկօքսիդի պարունակությունն օդում նվազել է»,- հայտարարել է քաղաքապետը, գրում է «Գրուզիա Օնլայնը»։

Ինչպես նշել է Կալաձեն՝ արտակարգ դրության շրջանակում գործող սահմանափակումները դրական են ազդել Թբիլսիի օդի աղտոտվածության նվազման առումով։ Արդյունքը պահպանելու համար Կալաձեն առաջարկում է քաղաքացիներին շաբաթական 2 օր մեքենա չվարել։

«Սա դեռ գաղափար է միայն, այն հարկ կլինի լրամշակել։ Տեսնենք, արդյոք դա կհետաքրքրի մեր քաղաքացիներին»,- ասել է նա։

Վրաստանում մինչև մայիսի 22-ը արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսի տարածման պատճառով, իսկ մարտի 30-ից նաև պարետային ժամ է գործում 21։00- 6.00-ն։ Երկրում կորոնավիրուսով 416 պացիենտ կա։