ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի Սբ Ապկար հայ առաքելական եկեղեցում տեղադրվել են ցեղասպանության զոհերի լուսանկարներ՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ամերիկայի հայկական համագումարն այս մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ եկեղեցում պատարագը կսկսվի ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ին, ու կհեռարձակվի ֆեյսբուքյան էջում, քանի որ հավատացյալները ներկա գտնվել չեն կարող։
Եկեղեցու հրապարակած լուսանկարում երևում է, որ տեղադրվել են հայ մտավորականների լուսանկարները, որոնք 1915-ին սպանվել են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության ժամանակ։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՀՀ-ում անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։






