Վրաստանն Ուկրաինայից հետ կկանչի իր դեսպանին, եթե Միխեիլ Սաակաշվիլին պաշտոն ստանձնի ուկրաինական կառավարությունում, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է ՌԲԿ-ն։
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։
Գախարիայի խոսքով՝ Վրաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ուկրաինայի կողմից, «սկզբունքորեն անընդունելի է» Սաակաշվիլիի՝ բարձր պաշտոն զբաղեցնելը, քանի որ նա դատապարտվել է ծանր հանցագործության համար և հետախուզման մեջ է։
«Եթե նման որոշում կայացվի, մենք Կիևից, նվազագույնը, հետ կկանչենք մեր դեսպանին՝ խորհրդակցության համար»,- հայտարարել է Գախարիան։
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները գրել են Ուկրաինայում Վրաստանի դեսպանի հնարավոր հետ կանչման մասին՝ հայտնելով նաև, որ Թբիլիսին դժգոհ է Զելենսկու՝ Սաակաշվիլիին փոխվարչապետ նշանակելու որոշումից։
2019-ին Զելենսկին վերադարձրել էր ուկրաինական քաղաքացիությունը Սաակաշվիլիին: Որպես հիմք նշվել էր այն հանգամանքը, թե նա չէր տեղեկացրել Վրաստանում իր դեմ հարուցված քրգործերի մասին և սխալ տեղեկություններ էր հայտնել:
Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ գործով: