AM
30 April 2020 - 08:17 AMT

Բելառուսում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճում է, բայց կարանտին չկա

Վերջին օրերին Բելառուսում կորոնավիրուսով վարակի կտրուկ աճ է գրանցվում՝ օրական ավելի քան 800 նոր դեպք է լինում։ Ընդհանուր առմամբ. Բելառուսում Covid-19-ով վարակման ավելի քան 12,000 դեպք կա։

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ 79 մարդ է մահացել, գրում է BBC-ն։

Չնայած դրան, իշխանությունները ժխտում են համաճարակի առկայությունը երկրում, կարանտին չի հայտարարվում։

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ մարդիկ մահանում են քրոնիկ հիվանդություններից, որոնք սրվել են վարակի ֆոնին, իսկ պանդեմիան «կորոնափսիխոզ» է անվանում։

Բաց են մարդկանց զանգվածային կուտակման վայրերը, այդ թվում՝ եկեղեցիներն ու վանքերը, թեև որոշ հոգևորականներ հորդորել են հավատացյալներին ձեռնպահ մնալ եկեղեցի այցելելուց։ Որոշ վանքեր հայտարարել են այցելուներից մեկուսանալու մասին։ Հայտնի է, որ հիվանդներ կան նաև եկեղեցականների շրջանում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, մոտ 3․2 մլն է, մահացել է ավելի քան 227,000 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 1 մլն։