AM
4 May 2020 - 07:15 AMT

Իտալիայում 4․5 մլն մարդ կվերսկսի աշխատել

Իտալիայում ուժի մեջ են մտնում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված կարանտինի առաջին մեղմացումները։ Աշխատանքը կվերսկսի 4․5 մլն մարդ, որոնք նաև կսկսեն օգտվել հասարակական տրանսպորտից, գրում է ՏԱՍՍ-ը։

Մեղմացումները, հիմնականում, վերաբերում են մարտի 22-ից կասեցված շինարարական և արտադրության ոլորտներին, իսկ իտալացիների առօրյայում քիչ բան կփոխվի։ Խանութները, ռեստորանները, մարզասրահները, լողավազանները, վարսավիրանոցները փակ կմնան։

Մարդիկ, որոնց գործունեությունը կապված է անհատական ծառայությունների տրամադրման հետ, փաստացի զրկված են վաստակից։ Չեն բացվի նաև ուսհաստատություններն ու մանկապարտեզները։

Իտալիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է, որտեղ 210,000 վարակակիր է գրանցվել և մոտ 29,000 մահ։ Զոհերի միջին տարիքը մոտ 79 է։ Մայիսի 3-ի դրությամբ երկրում ամեն օր կորոնավիրուսով վարակի 1400 նոր դեպք է գրանցվում։