Թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարները շատ լավ գիտակցում են ԱՄՆ-ի դրական դերը ԼՂ կարգավորման հարցում՝ օգնելով շարունակել երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ, գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք ակտիվ ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը, որի հիմքում է խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը, հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Դա ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, սակայն նաև՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանել»,-ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան հարցի վերաբերյալ՝ Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է․ «Չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում՝ Դոնբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման մասին վերջին հայտարարության վերաբերյալ հարցին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող լուծում համարվել, եթե ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար։ Նա հավելել է նաև, որ լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, այն լուծումն է, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։






