ՀՀ-ում ԱՄՆ աջակցությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներում է կատարվում կորոնավիրուսի թեստավորումը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Քենթն ասել է, որ կորոնավիրուսի վարակի տարածման շրջանում Ռուսաստանից և Չինաստանից կառավարվող ապատեղեկատվության ալիք է տարածվում Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում բացված բիոլաբորատորիաների մասին: Նա նշել է, որ դրանց նպատակն է օգնել երկրներին «հակազդել կենսաբանական վտանգներին, և դրանք հենց հիմա ծառայում են այդ երկրներին»։
«Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում այդ լաբորատորիաների միջոցով է կատարվում թեստավորումը և պայքարը կորոնավիրուսի դեմ հենց հիմա»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Մինչդեռ ապատեղեկատվություն իրականացնող ուժերը փորձում են կեղծ տեղեկություն տարածել, թե այդ լաբորատորիաները ստեղծում են վարակներ, այլ ոչ թե պայքարում դրանց դեմ:
Ռուսաստանն այդ հին սուտը կրկին ու կրկին տարածում է՝ խոսելով Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի լաբորատորիաների մասին: Մենք տեսնում ենք, ինչպես են այդ սուտը տարածում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերը, լրատվամիջոցները: Վերջերս նկատելի է նաև, որ այդ ռուսական ապատեղեկատվությունը լաբորատորիաների վերաբերյալ սկսել է տարածել նաև Չինաստանը: Մինչդեռ, կրկնեմ, հենց այդ լաբորատորիաներում է կատարվում կորոնավիրուսի թեստավորումը, հենց այդ լաբորատորիաներն են օգնում երկրներին պայքարել Covid վարակի տարածման դեմ»,- ասել է նա:
ՀՀ-ում ԱՄՆ աջակցությամբ կենսաբանական լաբորատորիաները բացվել են 2016 թվականին Պետդեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ։ Դրանք գործում են Երևանում, Գյումրիում և Իջևանում:
Ռեֆերենս լաբորատորիաները գործում են մի քանի հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում, ՀՀ-ում, Ադրբեջանում և Ուզբեկստանում: 2018-ի օգոստոսին ՌԴ ՊՆ ներկայացուցիչներին թույլ է տրվել այցելել Երևանում և Գյումրիում գտնվող լաբորատորիաներ:






