AM
14 May 2020 - 07:56 AMT

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Մայիսի 18-22-ը Ադրբեջանը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի։ Դրանք կանցնեն ըստ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի։

Զորավարժություններին կմասնակցի մոտ 10,000 զինծառայող, մոտ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր, գրում է Haqqin.az-ը։

Ըստ զորավարժությունների մտահղացման՝ նախատեսվում է զորքերի կիրառում ընտրված ուղղություններում, հրթիռային զորքերի և հրետանու զանգվածային հարվածներ, ավիացիայի ռումբային և գրոհային հարվածներ, ինչպես նաև գերճշգրիտ միջոցների կիրառում հակառակորդի զորքերի օպերատիվ դիրքավորման ամբողջ խորությամբ։

Զորքերի գործնական գործողությունների ստուգումն իրականացվելու է տարբեր ուսումնական կենտրոններում և զորավարժարաններում։