AM
14 May 2020 - 08:01 AMT

ԱՀԿ․ Կորոնավիրուսի տարածումն աշխարհում վերահսկելու համար կարող է մոտ 5 տարի պահանջվել

Կորոնավիրուսի տարածման հետ կապված համաշխարհային իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար կարող է մոտ 5 տարի պահանջվել։ Այդպիսի կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Սումիա Սվամինատանը։

«Ես կասեի, որ 4-5 տարուց կունենանք վերահսկման հեռանկար»,-ասել է նա, գրում է BBC-ն։

Կոնկրետ ժամկետը կախված է բազում գործոններից՝ արդյոք վիրուսը կենթարկվի մուտացիայի, երբ կմշակվի արդյունավետ պատվաստանյութը, որքանով խիստ ու երկարատև կլինի կարանտինը տարբեր երկրներում։

Սվամինատանն ասել է նաև, որ հույսերը մեծապես կապված են պատվաստանյութի հետ, սակայն դրա մշակման, կիրառման, արդյունավետության և անվտանգության առումով ռիսկի բազմաթիվ գործոններ կան։ Խնդրահարույց կլինի ինչպես զանգվածային արտադրությունը, այնպես էլ տարածումը, նշել է նա։

ԱՀԿ արտակարg իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանն իր հերթին ասել է, որ վիրուսը կարող է ընդմիշտ մնալ մարդկության հետ։

«ՄԻԱՎ-ը չի անհետացել։ Մենք ապրում ենք դրա հետ, գտել ենք թերապիայի և կանխարգելման միջոցներ, մարդիկ արդեն այնքան չեն վախենում, ինչպես նախկինում, և ՄԻԱՎ-ի դրական արդյունքով մարդիկ հաճախ երկար և առողջ կյանք են ունենում»,- ասել է նա։

Մայիսի 14-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել 4․3 մլն մարդ, մահացել է գրեթե 300,000 մարդ։