Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ստեղծվելու է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն, ինչպես նաև՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։
Հարությունյանը հայտարարել է, որ ռազմահայրենասիրությունը և բանակ-հասարակություն կապը լինելու են նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը, քանի որ կա գլխավոր մարտահրավերը՝ արցախյան հիմնախնդիրը։ «Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում բացակայում է համերաշխությունը, և եթե ստորադասվում է արցախյան հիմնախնդիրը»,- ասել է նա։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում կընդգրկվի նաև բնական ռեսուրսների ոլորտը: Իսկ նախագահի վերահսկողական ծառայությունը կվերափոխվի պետական վերահսկողական ծառայության:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է նաև, որ պետք է վերանա խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը։ «Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Դանիելյանին հանձնարարել եմ՝ բոլոր այն կառույցներում, որտեղ կա հարազատների ուղղակի ենթակայություն, 7-օրյա ընթացքում լուծել այդ խնդիրը»,- ասել է նա։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մայիսի 26-ին կկատարի կադրային առաջին նշանակումները։ Նա խոսել է ինչպես կադրային նշանակումների, այնպես էլ սպասվող կառուցվածքային փոփոխությունների և այդ որոշումների հիմնավորումների մասին:
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ստանձնել է պաշտոնը մայիսի 21-ին։ Նա հանրապետության 5-րդ նախագահն է՝ Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից հետո։






