Արցախում դիմակ կրելը պարտադիր է դարձել փակ տարածքներում։ Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանրապետության ամբողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին նոր որոշում է ստորագրել, հայտնում է Տեղեկատվական շտաբը։
Որոշմամբ սահմանվում է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելիներից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
Պարետի ստորագրած մեկ այլ որոշումը վերաբերում է հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային աշխատանքներին: Մասնավորապես՝ մայրաքաղաքում և շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հակահամաճարակային աշխատանքները համակարգելու նպատակով կկազմավորվեն հակահամաճարակային արագ արձագանքման խմբեր:
Դրանց կազմավորման, ընդհանուր ղեկավարման և համակարգման գործառույթը վերապահված է շրջանների վարչակազմերի ղեկավարներին (Ստեփանակերտի դեպքում՝ քաղաքապետին) կամ վերջիններիս որոշմամբ՝ նրանց տեղակալներին կամ աշխատակազմերի ղեկավարներին:
Արցախում կորոնավիրուսով վարակի 64 դեպք է գարնցվել։ Մեկուսացված է 77 քաղաքացի: Ընդհաուր, 41 մարդ համարվում է առողջացած: Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Թեստավորումների նպատակով Հայաստան է ուղարկվել 1192 նմուշառում։






