AM
9 Հուլիս 2020 - 06:56 AMT

ՄԻԵԴ-ը ՀՀ-ից չի պահանջի վերականգնել Թովմասյանի և մյուսների լիազորությունները մինչև հիմնական քննության ավարտը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միջանկյալ միջոց չկիրառել Հայաստանում պաշտոններից հեռացված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և երեք անդամի դիմումների հիման վրա։ ՄԻԵԴ որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։

Դատավորները ՄԻԵԴ-ին միջնորդել էին միջանկյալ միջոց կիրառել և ՀՀ կառավարությանը հրահանգել կասեցնել սահմանադրական փոփոխությունները, մինչև կավարտվի իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումների քննությունը։

ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը, սակայն նշվում է, որ դատավորների իրավունքների խախտման մասով դիմումների հիման վրա վարույթ է հարուցվել։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և ՍԴ մյուս դատավորների լիազորությունների դադարեցում։ Ըստ կանոնակարգի՝ ԱԺ ընդունած օրենքը նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում Բարձր դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե նախագահը չի կատարում հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու օրենքը։