Հայաստանի դեմ ցանկացած հարված հետ կմղվի, այդպես եղել է և կլինի միշտ, իսկ խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է, Instagram-ի իր էջում գրել է ռուսաստանաբնակ հայ հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը։
«Մի հրահրեք հայկական բանակին։ Դադարեցրե’ք մտացածին ապատեղեկատվությունը «հայկական ագրեսիայի» մասին»,- գրել է նա։
Մարտիրոսյանն ասել է, որ մեծ անհանգստությամբ է հետևում ՀՀ-ի հյուսիսարևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին ու նշել, որ Տավուշն իր նախնիների ծննդավայրն է։
Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:






