Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայի տարբեր առևտրային հարթակներում հայ ձեռնարկատերերի ու ներդրողների հետ, այդ թվում՝ «Ֆուդ Սիթիի», փոխանցում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից։
Ավելի վաղ «Ֆուդ Սիթիի» առևտրի կենտրոնի ադրբեջանցի տերերն արգելել էին Հայաստանից ներմուծված միրգ-բանջարեղենի վաճառքն առևտրի կենտրոնում։ Արդյունքում հայկական բեռնատարներն իրենց ապրանքները կարողացել էին իրացնել «Բուխտա», «Մետաքսի ճանապարհ» առևտրի կենտրոններում։
Չնայած հայկական մրգերի վաճառքի խնդիրն արագորեն լուծվել էր արգելքի օրը, հետագա վաճառքի հարցը դեռ լուծված չէ։
Դեսպանությունում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են վերջին օրերին առևտրի կենտրոնի հետ կապված իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել խնդրի կարգավորման ուղիներին։
«Համաձայնեցված գործողությունները կարևոր են, որպեսզի խնդիրը լուծվի ՌԴ օրենսդրության շրջանակում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 17-ին «Ֆուդ Սիթի» չմտած հայկական ծիրանը տեղի համայնքը գնել էր այլ առևտրի կենտրոններից։ Մի քանի բեռնատարներում լցված միրգն ամբողջությամբ սպառվել էր ժամերի ընթացքում։






