AM
21 Հուլիս 2020 - 11:49 AMT

Ռուս քաղաքագետ․ ԶԼՄ-ն փողի դիմաց առաջարկել է ասել, թե ՀՀ-ն թիրախավորել է ադրբեջանական նավթահանքեր

Ռուսաստանցի տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի հիմնադիր Միխայիլ Դելյագինը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկը «իր ցանկացած գումարի դիմաց» խնդրել է մեկնաբանություն տալ, թե Հայաստանը սանձազերծել է Ադրբեջանի հետ հակամարտություն, թիրախավորել այդ երկրի նավթահանքերը։

Դելյագինը նշել է, որ իր հարցին, թե հակամարտության գոտում կոնկրետ որտեղ են գտնվում ադրբեջանական նավթահանքերը, ռուսաստանյան ԶԼՄ-ից մեկի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանել է՝ «դե որովհետև այդպիսի է Բաքվի դիրքորոշումը»։

«Այսինքն, եթե վաղը Բաքվի դիրքորոշումն այն լինի, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են կազմակերպել, մոսկովյան ԶՄԼ-ն փողի դիմաց ուրախությամբ պետք է հավաքի հավաստող մեկնաբանություններ»,- գրել է նա։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։