Ռուսաստանաբնակ միլիարդատեր, ՌԵՍՈ ապահովագրական խմբի սեփականատեր Սերգեյ Սարկիսովը հորդորել է Մոսկվայի հայկական և ադրբեջանական համայնքներին նպաստել բախումների դադարեցմանը և հայտարարել, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը։
Սարկիսովի հայտարարությունը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի և «Հայերի ասամբլեայի» անունից, գրում է ՌԲԿ-ն։
Սարկիսովը հույս է հայտնել, որ իր հետ համամիտ կլինեն ադրբեջանցի գոծարարները, որոնք իրենց հերթին կփոխհատուցեն հայերին հասցված վնասը։
Նրա հայտարարության մեջ ասվում է նաև. «Ես և եղբայրս ծնվել ու մեծացել ենք Մոսկվայում։ Ես բազում ադրբեջանցի ընկերներ ունեմ և ամաչում եմ նրանցից այն վանդալների համար, որոնք որոշել են իրենց ազգային ինքնագիտակցոթյունը դրսևորել բռնությամբ։ Ես ամաչում եմ իմ հայ հարազատներից և ընկերներից այն անձանց փոխարեն, ովքեր ազգայնականության բարբարոսական դրսևորումներ են սանձազերծել հայրենիքից դուրս՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք այլ ազգության են»։
Նա հավելել է, որ «հարկավոր է կանգնեցնել նրանց, ովքեր ՌԴ սահմաններից դուրս հրահրում են ազգակիցներին սադրանքների»։
Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։
Մոսկվայում հուլիսի 23-ի երեկոյան ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ֆեյսբուքյան էջերից մեկում տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբ ադրբեջանցի հավաքվել է մեքենայում գտնվող հայի շուրջ, ոտքերով հարվածել մեքենային, ծեծել վարորդին։ Մեկ այլ խումբ այգում ոտքերով մի քանի անգամ հարվածել է հային և հարցրել՝ «Ղարաբաղն ումն է»։
Ըստ Մոսկվայի ՆԳՆ տվյալների, հուլիսի 23-25-ը Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի բախումների հետևանքով եղել են ծեծկռտուքներ, կոտրվել են ցուցափեղկեր, բերման է ենթարկվել 30 մարդ։ Ոմանք ձերբակալավել են։ Հարուցվել են քրեական գործեր։






