Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքի միջադեպով 7 հայ և 8 ադրբեջանցի է կալանավորվել:
Ըստ Մոսկվայի քաղաքային դատարանի քարտադարանի` հուլիսի 27-ին Նիկուլինսկի շրջանի դատարանը քննիչի պահանջով մեկուսարան է ուղարկել հայ համայնքի 7 ներկայացուցչի, իսկ հուլիսի 25-ին և 27-ին Մոսկվայի Կուզմինսկի և Տրոիցկի շրջանների դատարաններն ադրբեջանական համայնքի 4 ներկայացուցչի են կալանավորել, գրում է «Նովայա գազետան»։
Նրանք բոլորը մեղադրվում են մի խումբ անձնաց կազմում խուլիգանություն կատարելու մեջ՝ ՔՕ 213-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կալանավորված հայերն են՝ Արտակ Նիկոյան, Արսեն Ապրեյան, Արմեն Ապրեյան, Սեյրան Նիկոյան, Արգիշտ Պետրոսյան, Նարեկ Պետրոսյան, Ռազմիկ Սահակյան։
ՌԴ-ում հուլիսի 23-ից ադրբեջանցիները սկսեցին խմբերով հարձակվել միայնակ հայերի և հայկական համարներով ավտոմեքենաների վրա և ծեծի ենթարկել հայերին ազգային ատելության հողի վրա։ Սոցցանցերում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները հարձակվում մեկի վրա, ոտքերով կոտրում մեքենայի ապակիները, ծեծում վարորդին։
Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել էր, որ քրգործեր է հարուցելու ոչ միայն ազգամիջյան բախումների մասնակիցների, այլև նման կոչեր անողների դեմ։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել հայրենակիցներին չտրվել սադրանքների։






