AM
28 Հուլիս 2020 - 12:42 AMT

Գերմանիայում հետաքննում են ՀՀ դեսպանատան մեքենայի միտումնավոր հրկիզումը

Գերմանիայի պատկան մարմինները հետաքննություն են անցկացնում՝ ՀՀ դեսպանատան մեքենան միտումնավոր հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է Գերմանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հուլիսի 23-ի կեսգիշերին անհայտ անձինք հրկիզել էին դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։

Ավելի վաղ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն այդ երկրում բնակվող հայերին հորդորել էր չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին։ Դեսպանը նշել է, որ հենց լարվածության աճն է «սադրիչների հետապնդած նպատակը»։

Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Ավելի վաղ հրկիզվել էր ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։