AM
11 Օգոստոս 2020 - 06:36 AMT

Փայլանը՝ թուրք նախարարին․ Ինչո՞ւ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին, գրում է Ermenihaber-ը։

Փայլանը հետևյալ հարցն է ուղղել նախարարին. ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ Արամ Տիգրանն իր կտակի համաձայն թաղվի Դիարբեքիրում։

Փայլանը նախարարին նաև հետևյալ հարցերն է ուղղել՝ արդյոք նախարարությունն Արամ Տիգրանի հիշատակը հավերժացնելու նպատակով հանդես գալու է որևէ նախաձեռնությամբ։

Արամ Տիգրանը հայտնի երգիչ և երաժիշտ է։ Նա մահացել է Աթենքում 2009-ին։ Նրա ցանկությունն էր թաղվել Դիարբեքիրում, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայ երաժշտի աճյունն ամփոփել տեղի հայկական գերեզմանատանը։

Արամ Տիգրանը ծնվել է Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Նրա ընտանիքը 1915թ․ Հայոց ցեղապանությունից մի կերպ փրկված դիարբեքիրցի ընտանիքներից էր։

Տիգրանը մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը։ Հիմնականում ստեղծագործել և երգել է երեք լեզվով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։ Ձայնագրել է մոտ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։ Արամ Տիգրանը եղել է Քուրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը: