AM
13 Օգոստոս 2020 - 06:26 AMT

Արցախում արտակարգ դրությունը կգործի մինչև սեպտեմբերի 11-ը

Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ: Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

«Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրում ևս երկու կարևոր փոփոխություն է կատարվել.

Այսուհետ անցակետով թույլատրվում է Արցախի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր՝ Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Այսինքն, նշված պայմանների պահպանման դեպքում Արցախի տարածք մուտք գործելու համար Պարետի թույլտվության կարիքը չի լինելու։

Վերանայվել է նաև հանրային միջոցառումների մասնակիցների թույլատրելի առավելագույն քանակը: Այսուհետ, մարզամշակութային, կրթական, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները կարելի է կազմակերպել մինչև 40 մարդու ընդգրկմամբ՝ նախկին 20-ի փոխարեն:

Օգոստոսի 12-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի:

Արցախի սահմանը կարող են հատել միայն այն անձինք, որոնք ունեն Covid-19 տեսակի բացասական արդյունք՝ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայությամբ։