Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն առաջարկում է ամսական ցմահ պատվովճար տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող և երկրում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ, և անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրների։
Ջուլֆալակյանն առաջարկել է գնահատել յուրաքանչյուր մարզչի գրանցած երկու լավագույն արդյունքը և պատվովճարի չափ սահմանել այդ երկուսի հանրագումարը, փոխանցում է Aysor.am-ը։
Որպես պատվովճարի չափ Օլիմպիական չեմպիոնի մարզչին նա առաջարկել է 100,000 դրամ պատվովճար, Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակրի մարզչին՝ 70,000 դրամ։
3-րդ մրցանակակրի հավաքականի մարզչի համար առաջարկվում է սահմանել 50,000 դրամ, իսկ աշխարհի չեմպիոնի մարզչին՝ 50,000 դրամ։
Ըստ պատգամավորի՝ առաջարկի ընդունումը կլինի նաև ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը։
Ջուլֆալակյանը նաև առաջարկել է ամենամսյա 50,000 դրամ թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (անհատական և թիմային), ինչպես նաև շախմատ մարզաձևի մեծահասակների առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով՝ մինչև հաջորդ տարվա առաջնությունը։