AM
21 Օգոստոս 2020 - 06:43 AMT

«Հայաստանի Ատլասը»՝ ԱՊՀ «Գրքարվեստ» մրցույթի Գրան պրիի հաղթող

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթում ժյուրիի միաձայն քվեարկությամբ ամենապատվավոր՝ Գրան պրի անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նահապետ» հրատարակչության ներկայացրած Սեն Հովհաննիսյանի «Հայաստանի Ատլաս /Atlas of Armenia» գիրքը:

Գիրքը նաև հատուկ մրցանակ է ստացել «Գիտություն և Կրթություն» անվանակարգում, տեղեկացնում է Հայաստանի Ազգային գրադարանը։

Հաայաստանը ներկայացված էր չորս անվանակարգում՝ համապատասխան չորս գրքով: Բոլորն էլ մրցանակային տեղերի են արժանացել:

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթն այս տարի անցկացվում էր Մինսկում՝ հեռավար, մասնակցել է ԱՊՀ վեց երկիր: Մասնակից երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը ներկայացրել էին գրքեր, որոնք մրցում էին տասն անվանակարգում:

«Ժյուրիին հիացրեցին հատկապես գրքի՝ Հայաստանը կենդանի կերպով ներկայացնող նկարներն ու նկարազարդումները, որոնք արվել են բացառապես հեղինակի կողմից: Մեծ գնահատանքի արժանացավ նաև այն փաստը, որ քարտեզները մշակվել են քսան քարտեզագետի կողմից»,- նշել է Հայաստանի ազգային գրադարան Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ, մրցույթի հայստանյան ներկայացուցիչ Մարգարետ Ասլանյանը, որը նաև ժյուրիի անդամ էր:

Մրցույթին ներկայացված մյուս 3 գիրքը տարբեր անվանակարգերում արժանացել է երկրորդ պատվավոր տեղին:

«Անտարես հրատարկչության կողմից ներկայացված «Մաեստրո. Սերգեյ Փարաջանով» գիրք-ֆոտոալբոմը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ «Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում: «Իմ երկիրը» անվանակարգում ներկայացված «Իմ Երևան» ֆոտոալբոմը նույնպես զբաղեցրել է երկրորդ տեղը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ներկայացված «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքն էլ երկրորդ մրցանակի է արժանացել «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում: Բոլոր նշված անվանակարգերում տասը գիրք էր ներկայացված, հետևապես սա նույնպես պատվավոր հաղթանակ էր»,- նշել է Մարգարետ Ասլանյանը:

Մրցանակների պաշտոնական շնորհումը տեղի կունենա Մոսկվայի «Գրքի տոնավաճառ» ամենամյա փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերին: