Օգոստոսի 21-ին Ախալքալաքում փորձել են պայթեցնել Վրաստանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր` Մարտուն Մկոյանի ավտոմեքենան։ Այս մասին հաղորդում է տեղական ATV 12 հեռուստաընկերությունը։
Ուժեղ պայթյունի հետևանքով բացվել են մեքենայի անվտանգության բարձիկները, ինչի շնորհիվ Մարտին Մկոյանը չի տուժել։ Հենզել Մկոյանը կատարվածը կապում է իր հասցեին վերջին շրջանում հնչող սպառնալիքների հետ։
«Ես երեկ երեկոյան 2 անգամ եղբորս մեքենայով իջել եմ ՀԷԿ և վերադարձել, երևի դա էլ են հաշվի առել։ Հուլիսի 20-ին ինձ Messenger-ով զանգել են, զգուշացրել, որ խելոք նստեմ տանը, չմասնակցեմ ընտրություններին, թե չէ ամենաթանկագինն ինձնից կխլեն։ Ամսի 24-ին էլի զանգել են Մոսկվայի համարից Viber-ով, ասել, որ փող պետք է ուղարկեմ իրենց, եթե ոչ, անպայման ինձ կսպանեն։ Ես դիմեցի գլխավոր դատախազություն, բայց չգիտեմ ինչու՝ իմ դիմումն ուղարկեցին ոստիկանություն։ Կարծում եմ, որ դա պատահական մարդիկ չեն։ Մարտի 26-ին իմ վրա մահափորձ էր կատարվել»,- ներկայացրել է պատգամավորը։
Հենզել Մկոյանը նշում է, որ անպատժելիությունը և անհետևողականությունն է հանգեցրել այս դեպքին։






