AM
25 August 2020 - 10:12 AMT

Կոլումբիացի ֆուտբոլիստը՝ Հայաստանի հավաքականում

«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում են Ֆուտբոլի ֆեդերացիայից։ Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի ազգային հավաքականում խաղալու իրավական հիմքեր:

Ֆուտբոլիստը նշել է, որ իր երազանքն իրականություն է դարձել:

«Եթե ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն»,- ասել է նա։

Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Խաղային կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ կոլումբիական «Բոյակա Պատրիոտաս», «Բոգոտա ՖԱ», «Ատլետիկո Հուիլյա», «Ալիանցա Պետրոլերա» ակումբներում, խաղացել է նաև մեքսիակական «Մուրսիելագոս» ակումբում։