AM
26 Օգոստոս 2020 - 06:45 AMT

Լիբանանից 2 հայրենադարձ ընտանիք է տեղափոխվել Արցախ

Լիբանանից Արցախ է ժամանել առաջին 2 հայրենադարձ ընտանիքը, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները: Այդ մասին լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։

Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից հատկացված 25 մլն դրամ օժանդակությունից, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում:

Նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ, թեպետ չափազանց կարևոր է պահպանել Լիբանանի հայկական համայնքի՝ որպես կայացած գաղթօջախի ամբողջականությունը, ինչին իր ուժերի ներածին չափով նպաստում է նաև Արցախի կառավարությունը, այնուամենայնիվ, բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, պատրաստ են ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքներով։

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայ 100-150 ընտանիքի։