AM
27 Օգոստոս 2020 - 06:51 AMT

Արցախում ուզում են ավելացնել ռուսերենով հաղորդումների եթերաժամն ու լեզվի դասաժամերը

Արցախում մտադիր են ավելացնել հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերենով հաղորդումների եթերաժամանակը և ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Ռուսաստանում է հայկական ամենահոծ համայնքներից մեկը, իսկ Արցախից երբևէ գաղթած հայերի մեծ մասը հաստատվել է հենց ՌԴ-ում, ու հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով առաջիկայում նախագահի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ վերոնշյալ փոփոխությունները կիրականացվեն օրենսդրական փոփոխության միջոցով։

Հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը և գործընթացը խթանելու համար նախագահի հանձնարարականը՝ առաջիկայում երկրի ամբողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաև ռուսերեն տարբերակը:

«Առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան են լինելու: Ռուսաստանի Դաշնության հետ Արցախի Հանրապետությունն իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ: Օբյեկտիվ պատճառներով մենք այսօր չենք կարող բացել բոլոր փակագծերը, բայց տասնամյակներ հետո արխիվները կպատմեն այդ մասին», – նշվում է գրառման մեջ։