AM
12 September 2020 - 07:30 AMT

ՀՀ-ում չբնակվող տիտղոսակիր 20 մարզիկ պատվովճար կստանա

ՀՀ քաղաքացի հանդիսացող, սակայն երկրում մշտապես չբնակվող չեմպիոն մարզիկներն Օլիմպիական խաղերի, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ, փոխանցում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է 15 մարզիկ և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ, որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:

Պատվովճար ստացողների ցանկում են Օլիմպիական չեմպիոններ մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և ուրիշներ։

«Պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,-ասվում է որոշման մեջ։

Նախկինում տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: