AM
29 Սեպտեմբեր 2020 - 05:26 AMT

ՊՆ․ Մարտերը շարունակվում են, գրոհող զրահատեխնիկայի խումբ է խոցվել

Սեպտեմբերի 29-ի առավոտվա դրությամբ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նա հավելել է նաև, որ վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ (տեսանյութը՝ շուտով): «Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ»,-ասվում է գրառման մեջ։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակման»։

Հովհաննիսյանի մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Հաղթելու ենք, քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորներն իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով, հայ ժողովուրդ»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի պաշտպանության բանակում 84 զոհ կա։