AM
29 Սեպտեմբեր 2020 - 09:21 AMT

Արցախում 4 քաղաքացիական զոհ կա

Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով 4 զոհ կա։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել են զոհվածների անունները։

ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրապարակել է ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում զոհված քաղաքացիական զոհերի անունները.

1. Վիկտորիա Գևորգյան, ք․ Մարտունի, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:

2. Էլլադա Բալայան, ք․ Մարտունի, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում:

3. Լեսմոնիա Ստեփանյան, ք Հադրութ, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:

4. Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:

Պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի շրջանակում արձանագրվել է ավելի քան 30 քաղաքացիական անձի վիրավորում, 4 զոհ և մեծածավալ գույքային ու ենթակառուցվածքային վնասներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։