AM
29 Սեպտեմբեր 2020 - 14:11 AMT

Սամվել Կարապետյանը կոչ է անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

Ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ է արել կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաև՝ խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։

«Դիմում եմ նաև Ռուսաստանում երկու երկրի սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և խուսափել հնարավոր սադրանքներից, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կարող են Ռուսաստանի ներսում կոնֆլիկտի էսկալացիայի բերել»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 83 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։