Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ է հայտնվել հայերի մի քանի բջջային հեռախոս, հայտնում են Արցախի ազգային անվտանգության ծառայությունից։
ԱԱԾ-ից նշում են, որ այդ հեռախոսներում գրանցված կոնտակտային համարներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգում և փորձում են Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, նաև խուճապային տրամադրություններ առաջացնելու փորձ են անում։
«ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱԱԾ-ին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






