AM
2 Հոկտեմբեր 2020 - 05:48 AMT

Հրամանատար Կարեն Ջալավյանը՝ «Արցախի հերոս»

Արցախցի հրամանատար Կարեն Ջալավյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։ Այդ մասին հայտարարվել է Պաշտպանության բանակի հրամանատարական կետում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է այդ մասին ֆեյսբուքյան իր էջում։

Կոչումը շնորհվել է հատուկ ընթացակարգով՝ ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող զինվորականներին։

«Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը»:

Իր ուղերձում Արցախի նախագահն ասել է․ «ժամանակ ունենալու ենք դեռ գնահատելու բոլորի սխրանքը, բայց այսօր մենք ականատես ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողություններին, որի արդյունքում, ոչ միայն գրավել են անհրաժեշտ մարտավարական բարձունքներ, կետեր, այլ նաև հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։