AM
2 Հոկտեմբեր 2020 - 07:02 AMT

Ինչպես Արցախ գնալու թույլտվություն ստանալ

Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, գործելու են Արցախ մուտքի և ՀՀ-ից ելքի մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։

Ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների մուտքը Հայաստանից Արցախ։

Բացառություն են Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար փոխադրումները, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերը։

Արցախ գնալու թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել․

1․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ [email protected] էլփոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները:

2. Իրավաբանական անձանց դեպքում՝ [email protected] էլփոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության հարկ վճարողի հարկային համարը:

Կառավարությունը հորդորում է նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից:

Նշվում է, որ ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, որոնք կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:

Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։

Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարելի է զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։ Արտերկրից պետք է զանգել 010 52 70 00 հեռախոսահամարով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):