Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում հայտարարել է, որ հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա։
«Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում պետք է նվազագույն հարցեր չառաջանան»,- ասել է նախագահը։
Նա հանձնարարել է բացել «թեժ գիծ» (+374 97 55 55 90)։
Արցախի նախագահը նշել է, որ պատերազմական իրավիճակում և ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները՝ բարձր արդյունավետություն ապահովելու: Խորհրդակցության ժամանակ առանձին ընթացակարգով քննարկվել են նաև ստեղծված իրավիճակում հնարավոր խնդիրները և դրանց լուծմանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմները:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






