AM
3 Հոկտեմբեր 2020 - 10:24 AMT

Ադրբեջանը քաղբնակչության հանդեպ LAR-160 ՀԿՌՀ-ների միջազգայնորեն արգելված կասետային արկեր է կիրառում

Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է LAR-160 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հումանիտար իրավունքով արգելված կասետային արկեր։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է նաև լուսանկարներ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին նույնպես Արծրուն Հովհաննիսյանը կասետային զինամթերքի կիրառման լուսանկարներ էր հրապարակել։ Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ փաստահավաք աշխատանքի արդյունքում Ադրբեջանի կողմից արձանագրվել են կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են։

Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա սփռում բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով, հատկապես վնասում է քաղաքացիական բնակչությանը։

Կասետային զինամթերքի կիրառումն արգելված է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքով, այլև 2008 թվականին ընդունված Կլաստերային Զինամթերքի Մասին Միջազգային Կոնվենցիայով։ Դրանով խստիվ արգելվում է կասետային զինամթերքի կիրառումը, տեղափոխումը, արտադրությունը, պահումը և պահեստավորումը։ Այն ստորագրել է 100-ից ավելի երկիր։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկրի տարածքում չի արտադրում, պաշար չի հավաքում և չի օգտագործում նման տեսակի զինամթերք, բայց տարածաշրջանային անվտանգությամբ պայմանավորված դեռ չի ստորագրել կոնվենցիան՝ ակնկալելով փոխադարձության սկզբունքը։