Հայաստանի հետ սահմանի բացումը համապատասխանում է Թուրքիայի ազգային շահերին: Նման կարծիք, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտնել է ԱՄՆ արտաքին կապերի խորհրդի կանխարգելիչ գործողությունների կենտրոնի փոխտնօրեն Դեւիդ Ֆիլիփսը` թուրքական «Ռադիկալ» թերթում տպագրված «Ժամանակն է բացել Հայաստանի հետ սահմանը» հոդվածում: Նրա խոսքերով` զբոսաշրջությունը եւ առեւտուրը կխթանեն Թուրքիայի տնտեսության զարգացումը եւ կամրապնդեն Անկարայի դիրքը տարածաշրջանում: Հայաստանն արտահանման շուկա է թուրքական լայն սպառման, գյուղատնտեսական ապրանքների եւ սարքավորումների համար, գտնում է նա: Սահմանները բացելու դեպքում էներգետիկայի, առեւտրի եւ տուրիզմի բնագավառներում տնտեսական հնարավորությունները կարող են համապատասխանել մոտավորապես տարեկան 1 միլիարդ դոլարի: Ավելին, գտնում է ամերիկացի դիվանագետը, ցամաքային ու երկաթուղային հաղորդակցության ուղիների բացման շնորհիվ Թուրքիան կդառնա անգնահատելի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: Երկաթգծի Կարս-Երեւան եւ Կարս-Գյումրի հատվածների վերագործարկումը հնարավոր կդարձնի տարածաշրջանային էներգետիկ նախագծերի իրագործումը, տարածաշրջանի էլեկտրաէներգիայի աղբյուրները միմյանց կապվելու հետեւանքով կնվազեն էլեկտրաէներգիայի սակագները, որն իր հերթին կհանգեցնի տնտեսության աշխուժացման, նշել է նա: Միաժանակ, Դ. Ֆիլիփսը հիշատակում է ոմանց մտավախությունն այն առնչությամբ, որ սահմանների բացումը կարող է վերստին օրակարգ մտցնել Թուրքիայի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջատիրության գաղափարները: Սակայն այդ մտավախությունները, նրա կարծիքով, միանգամայն անհիմն են, քանի որ «2001 թվականի փետրվարին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջ չունի»: Բացի այդ, Հայաստանը, որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության անդամ, պարտավոր է հարգանքով վերաբերվել Թուրքիայի տարածքային ամբողջականությանը: Հրապարակման հեղինակը նաեւ ընդգծել է, որ միջազգային հանրությունը` այդ թվում ԱՄՆ-ը, գոհունակությամբ կընդունի երկու երկրների միջեւ սահմանները բացելու որոշումը: Իսկ նման որոշում կարող է կայացնել Թուրքիայի կառավարությունը, որի գործունեությունը նպատակաուղղված է երկրի ազգային շահերի պաշտպանությանը, ասել է ամերիկացի դիվանագետը: