Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում իրավիճակին միջամտելու խնդրանքով Պուտինին ուղղված կոչի մասին։ Կրեմլը նման կոչերը համարում է հասկանալի՝ հաշվի առնելով, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դեռ դեգրադացվում է։
«Զեկուցվել է բոլոր կոչերի մասին, և հասկանալի է այդպիսի կոչերի հուզական ֆոնը՝ հաշվի առնելով, որ իրավիճակը դեռ դեգրադացվում է, մարդիկ շարունակում են մահանալ, ինչը բացարձակապես անընդունելի է»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով բիզնեսմենների կոչերի մասին ուղղված հարցերին։
Ըստ Պեսկովի՝ հենց իրավիճակը կարգավորելու ուղղությամբ էլ կենտրոնացված են Ռուսաստանի ջանքերը, որպեսզի «պատերազմող կողմերին» օգնեն դադարեցնել կրակը և սկսել կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը։ Պեսկովը մատնանշել է նախագահներ Վլադիմիր Պուտինի (Ռուսաստան), Էմանուել Մակրոնի (Ֆրանսիա) և Դոնալդ Թրամփի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):






