AM
7 Հոկտեմբեր 2020 - 05:44 AMT

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևով կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

Բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրտարական կուսակցության խոսնակ Մարթայն ֆան Հելֆերթն է, գրում է «Առավոտը»։

Բանաձևում, մասնավորապես, ասվում է.

«Խորհրդարանը,

▪ արձանագրելով, որ Եվրոպայի սահմանին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժանում է,

▪ արձանագրելով, որ ԵՄ-ն բանակցություններ է վարում գործընկերության ու համագործակցության ամրապնդման շուրջ,

▪ արձանագրելով զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, աճող քանակը,

▪ արձանագրելով, որ Թուրքիան հրահրում է կռիվն ադրբեջանական կողմից, և նշելով, հատկապես, Բաքվի և Անկարայի ագրեսիվ հռետորաբանությունը, կոչ է անում կառավարությանն առաջիկա ԵՄ գագաթաժողովում պնդել, որ պետք է եզրակացություններում ներառել անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և կողմերի վերադարձը բանակցային սեղան՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։

Կոչի շրջանակում Նիդերլանդների խորհրդարանը դիմում է կառավարությանը՝ հստակ հասցեագրելու նպատակով ագրեսիայում ներգրավված պետություններին՝ հաշվի առնելով նախագահ Ալիևի նվաճողական հրապարակային հայտարարությունները։ Նրանք պնդում են, որ այս հարցում մեծագույն պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը և վերջինիս հարկավոր է վերջնագիր ներկայացնել։ Եթե հարկավոր է, ապա դա պետք է հետևանքներ ունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության առումով։ Նրանք կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և բարի կամքից ելնելով բանակցել»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։