Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու համար անհրաժեշտ է դիմել հնարավոր բոլոր նրանց, ովքեր կարող են նպաստել կրակի դադարեցմանը։ Բրիտանացի երաժիշտ Փիթեր Գաբրիելը կոչ է արել իր հետևորդներին դիմել իրենց քաղաքական գործիչներին, Բրյուսելին, ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին՝ միջամտելու կոչով, քանի դեռ ավելի շատ մարդ չի մահացել։
Նա նշել է, որ Հայաստանն իր համար բացահայտել է դուդուկի կախարդությամբ՝ ենթադրաբար, աշխարհի ամենահուգեցունց գործիքով։
Երաժիշտը նաև անդրադարձել է թուրք կառավարության կողմից արված ցեղասպանությանը։
Ըստ նրա՝ սարսափելի են այսօր կատարվող ռազմական գործողությունները, և սարսափելի է մտածել այն տեղեկությունների մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական սահմանին մոտ 80,000 զինծառայող է կուտակում։ Գաբրիելի խոսքով՝ այդ տեղեկությունները լի են անցյալից եկող գորշ ձայներով։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






