AM
8 Հոկտեմբեր 2020 - 05:57 AMT

Փաշինյանը գիշերը խոսել է առաջնագծում գտնվող զինծառայողների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի լույս 8-ի գիշերը հեռախոսազրույց է ունեցել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ։

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս զանգն արել եմ ընդամենը րոպեներ առաջ։ Մնացածը՝ տեսանյութում»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետն առաջնագծում ծառայող զինծառայողներին ասել է, որ նրանց ծառայությունը պատմական է և Հայրենիքը միշտ պարտք է մնալու նրանց։ «Ինչ էլ անի Հայրենիքը ձեզ համար, դժվար է լինելու տակից դուրս գալ»,-ասել է Փաշինյանը։Նա հավելել է նաև․ «Պետք է կանգնենք մինչև վերջ, որպեսզի չթողնենք հարցի լուծումը հաջորդ սերունդներին»։ Վարչապետը նաև հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի իր կողմից, որպեսզի «նրանց չարչարանքն ապարդյուն չլինի»։

Զինծառայողն իր հերթին հավաստիացրել է, որ կանգնած են մինչև վերջ։

Հոկտեմբերի լույս 8-ի գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը, տեղեկանում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։