Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հնարավոր է համարել, որ Եվրամիությունը կարող է սաստկացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պահանջով։ Այդ մասին Մաասը հայտարարել է հոկտեմբերի 7-ին Բունդեսթագում։
Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը մարտական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն չհայտնի, ԵՄ-ն կուժեղացնի ճնշումը։
«Մեկ անգամ ևս կխոսեմ իմ ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Մինչ օս ընթացող բանակցություններն առնվազն նսպատել են հայկական կողմից ազդակ ստանալուն, որ հայկական կողմը պատրաստ է դադարեցնել կրակը, ինչը դեռ անհնար է Ադրբեջանի պարագայում»,- ասել է Մաասը։
Նա նշել է, որ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ կողմերից մեկը հրաժարվի դադարեցնել կրակը, «ապա հարկ կլինի քննարկել ԵՄ-ում մեր հետագա գործողությունները և սաստկացնել ճնշումն Ադրբեջանի հանդեպ»։
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը, ինչպես Հայաստանը, կհայտարարի, որ սկզբունքորեն պատրաստ է դադարեցնել կրակը։ Եթե նա նման պատրաստակամություն չհայտնի, ճնշումը ԵՄ կողմից կսաստկանա»,- ասել է Մաասը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ Ղարաբաղում ռազմական գործողություններ են ընթանում։ Իսկ մինչ այդ ադրբեջանական կողմն ամեն կերպ շեշտում էր, որ մտադիր չէ կասեցնել մարտական գործողությունները, այլ շարունակելու է «մինչև վերջ»։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






